17 ապրիլի 2020 - 13:46 AMT
Մարտին Գալստյանը՝ Կենտրոնական բանկի նախագահ

Ազգային ժողովում քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, բոլորի քվեները վավեր են եղել, փոխանցում է Aysor.am-ը։

Գալստյանի թեկնածությանը կողմ է եղել 104 պատգամավոր, դեմ՝ 15-ը։

Գալստյանը ծնվել է 1978-ին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018-ից առ այօսր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: