21 ապրիլի 2020 - 14:01 AMT
Չինացի գիտնականներ․ Կորոնավիրուսի մուտացիաներն ազդում են հիվադության ընթացքի վրա

Կորոնավիրուսով վարակված պացիենտի մոտ հիվանդության զարգացումը կարող է տարբեր լինել՝ կախված վիրուսի մուտացիայից, հայտնել են չինացի գիտնականները, փոխանցում է ՌԲԿ-ն՝ հղում անելով MedRxiv կայքում հրապարակված հոդվածին։

Հետազոտողները 11 հիվանդի մոտ ուսումնասիրել են կորոնավիրուսի մուտացիան։ 4 ամսականից մինչև 71 տարեկան 8 տղամարդուց և 3 կնոջից նմուշները վերցվել են հունվարի 22-ից մինչև փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանցից որոշներն Ուհանից են (քաղաքը Չինաստանում դարձել էր համաճարակի էպիկենտրոնը), իսկ մյուսներն այդ քաղաքում վարակվածների կոնտակտներն են եղել։

Գիտնականները պարզել են, որ Չժեցզյան նահանգի պացիենտների մոտ հայնտնաբերված մուտացիաներն ամենաագրեսիվն են, նման մուտացիաներ են առկա նաև Եվրոպայում վարակվածների մոտ։ Պակաս ակտիվ մուտացիաները նման են եղել ԱՄՆ-ում հիվանդության զարգացմանը։ Հետազոտության կայքում նշվել է նաև, որ բժշկական հանրությունը դեռ չի ստուգել հոդվածի ճշգրտությունը, այդ պատճառով չարժե դրանով առաջնորդվել կլինիկական պրակտիկայում։

Ավելի վաղ ՌԴ Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը նշել էր, որ կորոնավիրուսը շատ «խորամանկ է»։ Մասնագետի խոսքով՝ վիրուսի գենոմների մի մասն ուղղվում են իմունային համակարգին «խաբելուն», որ օրգանիզմը հակամարմիններ արտադրի, որոնք չեն կարողանա վիրուսը չեզոքացնել։

Գինցբուրգը նշել է, որ վարակված 200 պացիենտի արյան անալիզների արդյունքում պարզվել է, որ միայն 30%-ի մոտ կան հակամարմիններ, որոնք ունակ են հաղթել հիվանդությանը։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում 2․4 մլն մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարակը սկիզբ է առել Չինաստանից, վարակակիրների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ է, այնտեղ մոտ 788,000 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Եվրոպայում վարակակիրների ամենամեծ թիվն Իսպանիայում է՝ մոտ 200,000 մարդ։