27 դեկտեմբերի 2008 - 15:00 AMT
Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկը կներկայացվի մինչեւ հունվարի 15-ը
Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի եւ 2009թ. առաջնայնությունների ու իրականացվելիք միջոցառումների, ԵՄ հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ), ինչպես նաեւ դատաիրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունները:
Հանձնարարվել է նախարարություններին եւ գերատեսչություններին` մինչեւ 2009թ. հունվարի 15-ը ներկայացնել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող` իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը եւ դրանց ֆինանսական գնահատականը: Հանձնարարվել է նաեւ մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը ներկայացնել Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի շրջանակում համագործակցության` նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից իրականացվելիք միջոցառումների առաջնահերթությունները, որոնք կներկայացվեն 2009թ. հունվարի 17-ին կայանալիք հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը: