Թուրքիայի ԱԳՆ-ն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլքսանչորսյան ուղերձին, հայտարարել է, որ «ներքաղաքական նկատառումներով արված այդ հայտարարությունը չունի ոչ մի իրավական ուժ»:
Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։
«Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները», - ասվում է հայտարարության մեջ, գրում է Ermenihaber-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունը գնահատել է որպես «հիմնված այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։
«Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։
Ըստ Անկարայի՝ ԱՄՆ ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։
2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: