25 ապրիլի 2020 - 12:24 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 81-ով. Ապրիլի 1-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 81-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 1-ից ի վեր, երբ գրանցվել էր 92 դեպք։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1677-ի։

Ապրիլի 25-ի ցուցանիշը գերազանցել է նաև նախորդ օրվանը, երբ վարակակիրների թիվն ավելացել էր 73-ով։

Դրան զուգահեռ, չնայած քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներին, թե Երևանում, թե մարզերում փողոցները շարունակում են մարդաշատ մնալ։

Ապրիլի սկզբին երկրում արձանագրված վարակի պիկից հետո (ապրիլի 1-ին՝ 92 դեպք, ապրիլի 2-ին՝ 72) օրական կտրվածքով վարակակիրների թիվը սկսել էր նվազել՝ առանձին օրերի հասնելով 11-ի (ապրիլի 5-ին) կամ, օրինակ, 16-ի (ապրիլի 9-ին), և հազվադեպ անցնելով 40-ի սահմանը։ Ամսի 5-19-ն ամենաբարձր թիվը 48-ն էր։ Դրանից հետո վարակակիրները թիվը կրկին սկսել էր աճել՝ նախորդող շաբաթվա (ապրիլի 13-19-ի) համեմատ։

Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1677-ի, մահվան 28 դեպք կա, առողջացել է 803 հոգի։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամաբ արտակարգ դրության խիստ ռեժիմից հետո երկրում թույլատրվել են տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը։ Որոշ ոլորտներում գործունեությունը շարունակում է մնալ անթույլատրել՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։

Չնայած առաղջապահության ոլորտի պատասխանատուների, պետական բարձր պաշտոնյաների՝ այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հորդորներին՝ թե մարզերում, թե մայրաքաղաքի փողոցները կրկին հարաբերականորեն մարդաշատ են՝ քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։

Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը Երևանում ապրիլի 25-ի դրությամբ 3․8 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․9 է, Թբիլիսիում՝ 4․7։

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 456 հաստատված դեպք կա, 5 մարդ մահացել է, 132-ը՝ բուժվել։ Ադրբեջանում 1592 հաստատված դեպք կա և 21 մահ։