Գավառում ապրիլի 28-ի հրաձգությունից հետո քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները, հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ապրիլի 28-ին՝ 17։30-ի սահմաններում, Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Մարզպետը նշել է, որ մահացածներից մեկը Գավառի բնակիչ է, մյուսը՝ Նորատուսի։
Մարզպետի խոսքով՝ Գավառի հիվանդանոցում հավաքվել են միջադեպի մասնակիցների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ուժ են գործադրել ոստիկանության և բուժանձնակազմի հանդեպ,ջարդելով դռներն ու պատուհանները ներս են մտել և վնասել 2 վիրավորի։ Հղում անելով հիվանդանոցում ներկաների խոսքին՝ մարզպետը նշել է, որ նրանց թիվը գերազանցել է 500-ը։
Սանոսյանը նշել է, որ չնայած տարածքում ոստիկանական ուժեր են եղել, բայց իրավիճակն անվերահսկելի է դարձել։
«Ընդհանուր 5 վիրավոր ունենք, բոլորը տեղափոխվել են Երևան, այստեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո։ Հիվանդանոցում տվյալ դեպքի հետ կապված վիրավոր չկա»,- ասել է Սանոսյանը՝ հավելելով, որ մարզում իրավիճակը կայուն է, ոստիկական հսկողություն է իրականացվում։
Սանոսյանի խոսքով՝ հիվանդանոց ներխուժման պահին ինքն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը եղել են դեպքի վայրում։ Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը մեծ թվով մարդկանց ձերբակալել է։ Սանոսյանը նշել է նաև, որ իր տեղկություններով, միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։
Ավելի վաղ ոստիկանությունից հերքել էին, որ Գավառի հվանդանոցում հարձակումից հետո մահվան դեպք է գրանցվել։