29 ապրիլի 2020 - 15:03 AMT
ՌՀՄ-ն սատարում է Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու ՀՀ նախագահի նախաձեռնությանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»:

Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Աբրահամյանը նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում հայ ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:

«Ինչպես ես, այնպես էլ ՌԴ խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,- նշվում է Արա Աբրահամյանի նամակում:

Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդի տարածքում Հիշողության այգի՝ «Հայ պարկ» հիմնելու առաջարկով է հանդես եկել։ Նախագահն ասել է, որ եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, մոտ 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ Երևանը մեծ այգու կարիք ունի։ Նախագահն առաջարկել է ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի 103 հեկտարով։Ըստ նախագահի՝ այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն պատմական հայրենիքի շրջանները, օրինակ՝ Վանը, Էրզրումը և այլն։