29 ապրիլի 2020 - 16:43 AMT
Գավառի դեպքով 5 ձերբակալված կա

Ապրիլի 28-ին Գավառում արյունալի միջադեպերի քրգործով 5 ձերբակալված կա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ):

ՔԿ հաղորդմամբ, հրազենային կրակոցներից մահացած Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները ներխուժել էին Գավառի հիվանդանոց, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ դանակահարել նրան։ Հարուցվել են քրգործեր՝ ՔՕ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով (պատժվում է տուգանքով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով):

Բացի այդ, Վահե Ավետիսյանի և Զոհրաբ Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք՝ կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Արմեն Հայթյանը և Վարդան Դավոյանը, շրջափակել են հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնություն գործադրելով, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով (պատժվում են տուգանքով, կամ կալանքով` մինչև 3 ամիս ժամկետով:):

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), կրակ է բացել Նորատուսի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ վնասվածքներով տեղափոխվել Գավառի բուժկենտրոն։ Հետո մի խումբ անձինք հարձակվել են հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Ընթերցեք նաև․ Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

Գավառում սպանությունից հետո հիվանդանոց ներխուժածները 500 հոգի էին․ Մարզպետ