11 մայիսի 2020 - 12:08 AMT
Փորձագետ․ Վրաստանում կորոնավիրուսի պիկն անցել է առանց հիվանդների կտրուկ աճի

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման վերաբերյալ փորձագետների լավատեսական կանխատեսումներն արդարացել են՝ երկիրը հաղթահարել է հիվանդության գագաթնակետն առանց հիվանդների կտրուկ աճի։ Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Վրաստանում կորոնավիրուսի կլինիկական հսկողության խմբի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։

Արդեն մի քանի օր է՝ Վրաստանում առողջացածների թիվը գերազանցում է վարակի նոր դեպքերի քանակը, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Արդարանում են փորձագետների լավատեսական կանխատեսումները, որ մինչև ապրիլի վերջ կլինի պիկը, հետո՝ պլատո, իսկ հետո նվազման միտում կլինի։ Հիմա պլատոյի փուլում ենք։ Պիկը հարթ ստացվեց»,- ասել է Ցերցվաձեն։

Ըստ նրա՝ առկա իրավիճակը կարելի է վերջնական հաղթանակ համարել, քանի որ Վրաստանը սկսել է չեղարկել սահմանափակումները։

«Փաստացի երկիրը վերադառնում է սովորական, նորմալ կյանքին և անում է դա Եվրոպայում առաջինների թվում։ Եվ կարևորը՝ անում է դա լավ ֆոնին, երբ չկա սպառնալիք, որ դա արվում է անելանելի իրավիճակից․․․ Հաջողություն կհամարվի, երբ մենք բացենք երկիրը և դրանից մի քանի օր, շաբաթ անց պահպանենք այս իրավիճակը»,- ասել է նա։

Մայիսի 11-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 3 նոր դեպք է հայտանբերվել: Ընդհանուր առմամբ, վարակվել է 638 մարդ։ Համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 10 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Արդեն մարտի վերջում երկրի իշխանությունն արտակարգ դրություն էր սահմանել, որը երկարացվեց մինչև մայիսի 22-ը։ Երկրում մի շարք սահմանափակումներ են գործում և պարետային ժամ՝ 21։00-06։00-ն։