Մայիսի 18-ից իրենց դռները կբացեն նաև «Դալմա», «Երևան մոլ», «Ռիո» և մյուս առևտրի կենտրոնները։ Այդ մասին հայտարարվել է դրանց ֆեյսբուքյան էջերում։
«Ո՞րքան ժամանակ է չենք հանդիպել։ Կարոտել եք չէ՞․․․ Մենք նույնպես կարոտել ենք Ձեզ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։ Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասվում է «Դալմայի» հայտարարության մեջ։
«Երևան մոլի» հայտարարության մեջ ասվում է․ «Շտապում ենք տեղեկացնել, որ մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»։
«Հաճախորդների համար բոլոր մուտքերի մոտ դրված են ախտահանիչներ (ալկոգելեր)։ Ձեզ հիշեցնում և խնդրում ենք. Պարտադիր կրե՛լ պաշտպանիչ դիմակներ, ախտահանե՛լ ձեռքերը, պահպանե՛լ սոցիալական հեռավորություն»,- ասվում է «Ռիոյի» գրառման մեջ:
ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13-ը, սակայն սահմանափակումներից շատերը կմեղմացվեն, կամ կչեղարկվեն։