17 հունվարի 2009 - 14:14 AMT
Երեւանում կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը
Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցի առիթով «1 500 000 + 1» հասարակական կազմակերպությունը երթ կանցկացնի դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանային համալիր: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «1 500 000 + 1» կազմակերպության ղեկավար Արման Ավետիսյանը, երթի մասնակիցները պսակներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: «Քանի որ Հրանտ Դինքը ծնունդով Մալաթիայից էր, երթի մասնակիցները կհավաքվեն 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանի Մալաթիայի վիլայեթում զոհվածների հիշատակին նվիրված քարակոթողի մոտ: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի քանի արտասահմանյան երկրների, այդ թվում` Թուրքիայի ներկայացուցիչներ»,- նշել է Արման Ավետիսյանը` ավելացնելով, որ այդ ակցիան քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ հանդիսանում է մեծ հայ Հրանտ Դինքի հիշատակը հարգելու արտահայտություն:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի գրասենյակի դիմաց: Դինքի սպանության գործով հետաքննվում են 20 կասկածյալներ, որոնցից ութը ներկայումս ձերբակալված են: