16 մայիսի 2020 - 11:30 AMT
Մարության․ Մանկապարտեզում երեխաներին մուտքի մոտ կջերմաչափեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ մանկապարտեզ հաճախող երեխաներն ամեն օր մուտքի մոտ կջերմաչափվեն։

Երևանում մանկապարտեզներն աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից:

Նա հորդորել է քաղաքացիներին մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն:

«Այնուհանդերձ, որևէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների»,- ասել է նա:

Քաղաքապետը նշել է նաև, որ ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր մոտ 305 հազար քմ:

Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160,000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

«Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման»,- ասել է Մարությանը։ :

Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների մասով։

Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (մոտ 11 հազար) հաճախելիություն։