Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է:
Այս մասին տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, գրում է «Հայկական ժամանակը»։
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Մայիսի 19-ին Shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով: Օգտատիրոջ գրառումը լայն արձագանք էր ստացել սոցցանցերում ու քննադատության առիթ դարձել։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այդ գրառումը բացարձակ «անընդունելի է, հակամարդկային ու հակաիրավական»։ Մայիսի 23-ին Խաչատրյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն, բացատրություն տվել, ապա՝ ազատ արձակվել:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայում է՝ ընտանիքի հետ, որտեղ էլ ծննդաբերել է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական դառնա։