Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մերժել է օրինագիծը, որով առաջարկվում էր դրամական աջակցություն սահմանել մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիների համար։
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին 27 պատգամավոր է կողմ քվեարկել, 82-ը՝ դեմ։
Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել՝ որոշակի հաշվարկներից և կանխատեսումներից հետո այն լրամշակելու և կրկին ԱԺ ներկայացնելու համար։ Նա առաջարկել է նաև այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին արդեն տրամադրվել է 100 մլրդ դրամ։
Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։