Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով ՀՀ-ն հասել է կրիտիկական վիճակի և մենք քայլում ենք դժոխքի միջով, հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սրա լուծումը կարող է լինել այն, որ երկրում համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսվի, և յուրաքանչյուրն առաջնորդվի այն սկզբունքով, որ հիվանդանոցային տեղերի բացակայության հետևանքով կարող է մահանալ ինքը, իր հարազատը։
Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք առաջնորդվի այն կանխավարկածով, որ վարակված է և չպետք է վարակի մյուսներին։
«Այս իրավիճակից ունենք միայն մեկ ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելուց մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից։ Դա կարող ենք անել հակահամաճարակային կանոնները ոչ միայն տոտալ պահպանելու, այլև հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցություն ունենալով»,- ասել է վարչապետը հավելելով, որ կեղծ տեղեկություններ են շրջանառվում վիրուսի հետ կապված։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր հերթին նշել է, որ վերջին ժամանակահատվածում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, եթե նախկինում թեթև և միջին ծանրության դեպքեր էին հիմնականում, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը։
Դավիդյանցը նշել է, որ մարդկանց մի խումբ ուշացած է գալիս, հիվանդանոցն ունենում է նաև մահճակալային ֆոնդի խնդիր։ Նա հորդորել է հետևել հակահամաճարակային կանոններին ու դրանով օգնել նաև բժիշկներին։
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։