13 հունիսի 2020 - 18:41 AMT
Փաշինյան․ Տուգանքները չեն չեղարկվելու, հակահամաճարակային պայքարին քաղհագուստով ոստիկաններ կմիանան

Հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տուգանքները չեն չեղարկվելու, այդ գործում ներգրավվելու են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք կարգախմբերին կուղղորդեն օրինախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ վարակը տարածվում է նույն կամ մոտակա տարածքներում, այսօր վարակի տարածման հիմնական աղբյուրները բակերն են։

Փաշինյանը հայտնել է, որ համավարակի պայմաններում Վրաստանից ԵԱՏՄ արտահանվող շուտ փչացող ապրանքների մասով մաքսակետերում ընթացակարգերը կազմակերպվել են այնպես, որ արտահանումն արագ տեղի ունենա, Վրաստանի և ՌԴ-ի գործընկերների հետ մշտական կապ կա և այս պահին անհանգստացնող ազդակ չկա։

Վարչապետը ևս մեկ անգամ ասել է, որ կորոնավիրուսի համավարակը կարող է հաղթահարվել հանրության հետ համատեղ դրա դեմ պայքարելով։

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004 -ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։