15 հունիսի 2020 - 12:40 AMT
Փաշինյան․ Բանկային համակարգը երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կենտրոնական բանկի աշխատակազմին ներկայացնելով ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին, հայտարարել է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է և այն ՀՀ-ում կայացած է ու կայուն:

Նա նշել է, որ Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, իսկ ԿԲ-ում բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ, աշխատում է բանկային համակարգի կայունության վրա:

Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:

Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների շրջանում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում:

«Կարծում եմ, մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ, որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

«Պարոն Գալստյան, ուզում եմ հավատալ, որ Ձեր գալով մեր բանկային, ֆինանսական համակարգի համար նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա և իհարկե իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի բոլորիս վստահությունը բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:

2020-ի ապրիլին ԱԺ-ն կողմ էր քվեարկել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին նշանակելուն։ Ջավադյանը ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից։ Նա մեկ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 2014-ին։

Կարդացեք նաև․ Ջավադյանը կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման մեջ