Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա առթիվ և մաղթելով ամենայն բարիք, իր երախտագիտությունն է հայտնել՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար։
Նախագահը նշել է նաև, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանն ապավինում է նաև մեր բարեկամների օգնությանը:
«Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։
Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար առաջին անգամ Հայաստան օգնություն է ուղարկել ապրիլի սկզբին՝ 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60,000 թեստ, 60,000 հատ բժշկական դիմակ, 280,000 պաշտպանիչ դիմակ, 20,000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100,000 պաշտպանիչ արտահագուստ, դեղամիջոցներ:
Հետագայում Չինաստանից ստացվել են օգնության նոր խմբաքանակներ։