15 հունիսի 2020 - 17:26 AMT
ՀՀ ԶՈւ 75-հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա

ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75-հոգանոց զորախումբը հունիսի 14-ին մեկնել է Մոսկվա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անձնակազմը մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։

«Մոսկվայում զինծառայողները ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,-ասվում է գրառման մեջ։

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում հունիսի 24-ին, որտեղ կծածանվի նաև հայկական Թամանյան դիվիզիայի դրոշը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի կայանալիք զորահանդեսին։

Ի սկզբանե նախատեսվում էր զորահանդեսն անցկացնել մայիսի 9-ին, բայց այն հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։