19 հունիսի 2020 - 14:22 AMT
Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, անդրադառնալով համակարգի հավակնոտ բարեփոխումներին, քննարկել է նաև դատաիրավական, հակակաոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտների զարգացումները։

Քննարկվել է նաև ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։

Բադասյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։

Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության ստեղծման աշխատանքներին, նախարարը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ներկայում մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, իսկ Ծառայության ստեղծման նախնական հայտարարությունից հետո հետաքրքրվածների թիվը ոգևորող է։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։