Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը հաղթահարել է կորոնավիրուսը։ Հունիսի 23-ին նա դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- ասել է Ավետիսյանը:
Հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Նախարար Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։