Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը: Առողջապահական պայքարին է միանում 9 բժիշկ։
Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը, տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին: Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Նրանք իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում: