27 հունվարի 2009 - 19:09 AMT
Թուրքական օղակը կարող է շրջապատել Հայաստանը
Ախալցխայի հայկական կազմակերպությունների նախագահների ձերբակալությունները կարող են հանգեցնել նրան, որ թուրքական օղակը կշրջապատի Հայաստանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, Սամցխե-Ջավախեթի շրջանի հայկական կազմակերպությունների աշխատանքը վերջին տարիներին ճիշտ ուղով էր ընթանում. նրանք փորձում էին լուծել խնդրառատ հարցերի ամբողջությունը քաղաքացիական ակտիվության ենթատեքստում` համագործակցելով վրացական, հայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ: «Վրացական իշխանությունները ազգային փոքրամասնությունների բոլոր խնդիրները վերագրում են Ռուսաստանին, իսկ այժմ որոշել են վերացնել այն կազմակերպությունները, որոնք խնդիրներ են առաջ քաշում կառավարության առջեւ: Հայկական կազմակերպությունների ղեկավարների քաղաքական հետապնդումը փորձում են քրեական դարձնել եւ այդ հունով լուծել հարցը այն դեպքում, երբ մեղքի ոչ մի ապացույցներ դեռ չկան»,- նշել է Ալվրցյանը:
Հայ պատմաբանը նաեւ դուրս բերեց այն հիմնական գործոնները, որոնք կարող էին ձերբակալությունների դրդապատճառ դառնալ` պայքարը հայկական եկեղեցիների պահպանության համար, որը վարում էին ձերբակալվածները, եւ թուրք-մսխեթացիների գործոնը, որոնք ներկայումս չափազանց ակտիվացել են եւ պետական մակարդակով օժանդակվում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Բավական է նայել քարտեզին, որպեսզի հասկանանք, որ Հայաստանի շուրջ գրեթե ամբողջությամբ փակվել է թուրքական օղակը. Իրանի հյուսիսում բնակվում են ղըզըլբաշների հետնորդները, արեւմուտքում` Թուրքիան է, Արեւելքում` Ադրբեջանը, իսկ հյուսիսում միայն Ջավախքն է Հայաստանի համար երաշխավորում ազատ ելքը դեպի աշխարհ»,- ընդգծել է Ալվրցյանը:
Նրա կարծիքով, Հայաստանը միշտ էլ շահարկել է Ջավախքի գործոնը, քանի որ համարվում էր, որ դա անվտանգ կդարձնի Վրաստանի կողմից եկող կապերը: «Ուստի ցանկացած ակտիվություն Սամցխե-Ջավախեթիում բացասապես է ընդունվում: Միեւնույն ժամանակ սովորաբար հակառակն էր տեղի ունենում. տեղի հայկական բնակչության ակտիվությունը միայն նպաստում էր գոյություն ունեցող խնդիրների հանդեպ Վրաստանի առավել մեծ ուշադրությանը: Շահարկելով Ջավախքը` ոչ մի խնդիր չի հաջողվի լուծել, քանի որ եթե 10 տարի անց այնտեղ հայ չմնա, Հայաստանն այլեւս ոչ մի փաստարկներ չի ունենա Վրաստանի հետ երկխոսության ժամանակ»,- ասել է հայ պատմաբանը: