Կորոնավիրուսի հետևանքով մահացած տատիկի կորած դին գտնվել է, այն սխալմամբ հանձնվել էր այլ անձանց, որոնք և կնոջը հուղարկավորել էին՝ կարծելով իրենց տատիկն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչպես և ենթադրելի էր, անփութության հետևանքով տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի»,- գրել է Զոհրաբյանը։
Պատգամավորը նշել է, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորել էին գյումրեցի տատիկին կհանձնեն հարազատներին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 29-ի առավոտյան Սբ Գրիգոր Լուսավորիչում կորոնավիրուսից մահացած տատիկի դին չեն կարողանում գտնել: Առողջապահության նախարարությունն արձագանքել էր դեպքին՝ նշելով, որ հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է ոստիկանությունը:
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։