«Մարի Իզմիրլյան» մանկատան կորոնավիրուսային համաճարակի օջախը վերացված է, անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, սաների և անձնակազմի մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել, փոխանցում են «Արաբկիր» բժշկական համալիրից։
Մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր վարակման 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ Հունիսի 30-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։
«Արաբկիր» ԲՀ-ից նշել են նաև, որ վարակի առաջին դեպքից հետո արագ արձագանքել են, ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը տեղում` հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ` վարակի տարածումը կանխարգելելու համար։ Ստացիոնար բուժման կարիք ունեցողները ստացիոներ բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում։
Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառներով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։