Ոստիկանությունը Խոր Վիրապի մոտից բերման է ենթարկել 32 անձի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով, փոխանցում է Aysor.am-ը։
Այն սահմանում է ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը։ Ըստ հոդվածի՝ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետմարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնյայի օրինական պահանջները չկատարելը կամ դրան խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ երկուհարյուրհիսնապատիկի:
Առավոտից Խոր Վիրապում ոստիկանական ուժեր են կենտրոնացած, այնտեղ ակցիա է իրականացվում՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման։
Ավելի վաղ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր մեքենայով պատրաստվել էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Ըստ նրա՝ արտակարգ դրության երկարացումը «ապօրինի» է և սահմանափակում է հավաքների ազատությունը։ Մալյանը ևս բերման ենթարկվածների թվում է։
Հուլիսի 13-ին Կառավարության որոշմամբ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով։