16 հուլիսի 2020 - 17:09 AMT
Նախագիծ. Պաշտոնյաները կհայտարարագրեն նաև փաստացի իրենց պատկանող գույքը

ՀՀ-ում նախատեսվում է ներդրնել ծախսերի ու եկամուտների հայտարարագրման նոր ինստիտուտ, որը մեծ կարևորություն կունենա հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նոր օրենքի ընդունմամբ հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը:

«Նախագծով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ կամ շարժական գույքը»,- ասել է նախարարը:

Առաջարկվում է նաև ընդլայնել եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացող պաշտոնյաների շրջանակը: Մասնավորապես, համայնքների աշխատակազմերի քարտուղարները, 15,000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ավագանու անդամները և բոլոր համայնքների ղեկավարները՝ անկախ բնակչության թվից ու համայնքի մեծությունից, հայտարարագիր կներկայացնեն:

«Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության համար իրականացված ծախսերը և այլն»,- ասել է Բադասյանը:

Նստ նախարարի՝ նոր օրենսդրական կարգավորումները թույլ կտան նաև ստուգել ոչ միայն տվյալ պաշտոնյաների տիրապետած գույքի մասին տվյալների իսկությունը, այլև նրանց՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը:

Դրա համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավունք կունենա դիմելու համապատասխան օպերատիվ մարմիններին ու նրանց միջոցով ստանալու անհրաժեշտ տեղեկությունները տվյալ պաշտոնյայի մասին:

Առաջարկվում է նաև ստուգել հայտարարատու պաշտոնյայի տվյալները պաշտոնավարումից 2 տարի հետո, կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է գույքի իրավիճակային հայտարարագիր պահանջել։ Առաջարկվում է նաև թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամի փոխարեն սահմանել 4 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ եթե մինչև հիմա պաշտոնյաները հայտարարագրում են միայն իրենց եկամուտները, ապա նախագծով առաջարկվում է, որ պետական պաշտոնյաները հայտարարագրեն նաև իրենց ծախսերը: Ըստ վարչապետի՝ նախագծի շնորհիվ կարող է ստեղծվել մի համակարգ, որը թույլ չի տա պաշտոնյային կոռուպցիոն գործունություն ծավալել:

Քննարկումից հետո կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փաթեթն ԱԺ քննարկմանը ներկայացնելու առաջարկին: