16 հուլիսի 2020 - 21:24 AMT
ՊՆ․ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հայտարարությունը հանցագործություն է, ՀՀ-ն որևէ օբյեկտի հարվածով չի սպառնացել

Հայաստանը պաշտոնապես ադրբեջանական ոչ մի ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարված հասցնելու մասին չի հայտարարել, ադրբեջանական կողմը, ի պատասխան որոշ մասնավոր հայտարարությունների, պաշտոնապես խոսել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակն ավելի վաղ սպառնացել էր հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։ Դրանից ավելի վաղ նա պատասխանել է Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։

Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը հանցագործություն է, և ինքն ուրախ է, որ ՀՀ դիվանագետներն ու քաղաքական գործիչներն այս հարցը պաշտոնապես արդեն բարձրացրել են։

«Որևէ պաշտոնական հայտարարություն ՀՀ զիվնած ուժերի մարմինների կողմից չի եղել, որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին։ Ավելին՝ ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ-ի կողմից»,- ասել է Հովհաննիսյանը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: