Հայաստանն աջակցություն է տրամադրելու Լիբանանին՝ օգոստոսի 4-ի պայթունի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և վարչապետի աշխատակազմը համատեղ աշխատում են Լիբանանում ՀՀ դեսպանի հետ։ Տեղի է ունենում կարիքների գնահատում, ինչի հիման վրա կտրամադրվի համապատասխան աջակցություն։
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 3 զոհի և 100 վիրավորի մասին։
Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբը օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։