6 օգոստոսի 2020 - 14:29 AMT
Facebook-ն Instagram-ում «TikTok է ստեղծում»․ Ընկերությանն արդեն մեղադրում են գրագողության մեջ

Facebook-ը TikTok-ի նման պրոդուկտ է թողարկել ընկերությանը պատկանող Instagram սոցկայքում։ Այնտեղ աշխարհի 50 երկրից հնարավոր կլինի 15-վայրկյանանոց հոլովակներ թողարկել Reels ծառայության միջոցով, փոխանցում է Reuters-ը։

TikTok-ի սեփականատեր չինական ByteDance-ն արդեն մեղադրել է Facebook-ին գրագողության մեջ։

Reels-ով վիդեո հրապարակելու ընթացքում օգտատերը կկարողանա էֆեկտներ ավելացնել ու երաժշտություն կցել։ Instagram-ի ներկայացուցիչ Վիշալ Շահը հայտնել է, որ Facebook-ն արդեն թողարկել է Reels-ը որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, որտեղ TikTok-ն արգեված է կառավարության կողմից։

«Մեր տպավորությամբ պրոդուկտը մեծ պոտենցիալ ունի։ Շատ արագ հասկացանք, որ հավելվածին մարդիկ արձագանքում են»,- ասել է նա։

iOS և Android համակարգերի վրա աշխատող նոր Reels ծառայությունը կթողարկվի աշխարհի 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում ու Ճապոնիայում։

Հուլիսին Facebook-ի հիմադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ կոնգրեսականների մոտ հարցաքննության ժամանակ հերքել էր, որ իր ընկերությունը կրկնօրինակում է մրցակից ընկերությունների արտադրանքներւ՝ վերացնելով նրանց բիզնեսը։ TikTok-ն այժմ աշխարհում մեծ թափ հավաքող հարթակ է համարվում, հակառակ դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր երկրում արգելել չինական հավելվածը։