Հայկական բանակի զինանոցում առկա Իսկանդեր տեսակի բալիստիկ հրթիռային համակարգը 2016-ին Քառօրյա պատերազմին չի կրակել, քանի որ Ապրիլյանը լայնածավալ պատերազմ չէր, այլ՝ լայնածավալ ռազմական գործողություն էր։ Այս մասին Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եթե մենք այդ ժամանակ Իսկանդեր օգտագործեինք, դա, ինչպես ասում են, կլիներ կրակոց թնդանոթից ճնճղուկների վրա։ Իսկանդերը շատ հզոր զենք է և դրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ»,- ասել է Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ ՀՀ-ն պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե լայնածավալ պատերազմ սկսվի։ Ըստ Սարգսյանի՝ եթե Ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, իրենք անպայման ճանաչելու էին ԼՂ անկախությունը։
Սարգսյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։