Կառավարությունը խնդիր ունի գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելու, քննարկվում է համայնքային այն ճանապարհների վերանորոգման հարցը, որոնք, կախված ռելիեֆից, ասֆալտապատման ենթակա չեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»»,-ասել է նա։
Քննարկվել է նաև գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների հարցը, վարչապետին հետաքրքրել է տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը:
Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:
Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև օգոստոսի վերջ ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ:
2020-ին ՀՀ-ում նախատեսվում է ասֆալտապատել 750 կմ ճանապարհ։