«Վեոլիա Ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով։
Հայտը ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է օգոստոսի 7-ին։
Հայտի ուսումնասիրության շրջանակում ՀԾԿՀ-ն նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիտորինգ՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարելի է տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին:
Ցանկության դեպքում կարելի է անձամբ մասնակցել մշտադիտարկմանը։
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179,283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:
ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: