Գիտնականները պարզել են, որ 2017-ին Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերված ցածր քարակերտ կառույցները եգիպտական բուրգերից հին են։ Իզոտոպային ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ կառույցներից մեկը թվագրվում է մ․թ․ա 5000 թվականով։ Ամենահին եգիպտական Ջոսերի բուրգը թվագրվում է մ․թ․ա 2667-2648 թթ․։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Holocene հանդեսում։
Սկզբից հնագետները ցածր քարե կառույցները պատնեշի տեղ են դրել, սակայն որոշել են չշտապել, և, ուսումնասիրելով ձևը, անվանել են մուստատիլներ, այսինքն՝ «ուղղանկյուններ». այդպես է թարգմանվում mustatil բառն արաբերենից, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։
Կառույցների չափերը շատ տարբեր են, երկարությունը կարող է 15-ից մինչև 616 մ լինել։
Կառույցներից մեկի հակառակ կողմերում հայտնաբերել են երկրաչափական նախշերով հարթակ, ինչը մինչ օրս չի հանդիպել ժայռապատկերներում։
Գերմանական Մաքս Պլանկի ինստիտուտի աշխատակից Հյու Գրոուքաթը կարծում է, որ, հավանաբար, այդ կառույցները բավականին վառ գույներ ունեին։
Գրոուքաթի գլխավորած գիտնականների միջազգային խումբը 104 մուստատիլ է ուսումնասիրել Սաուդյան Արաբիայի Մեծ Նեֆուդ անապատի հարավում։
Դեռևս հանելուկ է մնում, թե ինչի համար էին օգտագործվում մուստատիլները։ Ենթադրությունը, թե դրանք օգտագործվում էին որպես անասուններին պահելու վայր, արագ հերքվեց։ Մուստատիլները շատ ցածր են կենդանիներին խոչընդոտելու համար, և հետո երկար պատի մեջ չկա մուտք։ Մեկ այլ վարկածով՝ կառույցները կրոնական ծեսերի անցկացման վայր են եղել, սակայն դա դեռ վարկած է։