ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին համաձայնագրի վավերացմանը։
Պայմանագիրը կկարգավորի ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Միության ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավական պահպանությունը կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում:
Փաստաթղթի համաձայն՝ ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ կարելի է ներկայացնել ազգային արտոնագրային գերատեսչություններից որևէ մեկում։ Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո անվանումն իրավաբանորեն պահպանվում է միության անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում։
Փաստաթուղթը ստորագրվել է 2020-ի փետրվարի 3-ին՝ Մոսկվայում։ Կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար, դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կքննարկվի խորհրդարանում։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ Այսօր դրա մեջ մտնում է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։