Oracle-ն ու Microsoft-ը չինական ByteDance ընկերության TikTok-ի՝ ամերիկյան հատվածը գնելու հայտ են ներկայացրել մի գործարքի շրջանակում, որը կարող է ավարտին հասցվել մեկ շաբաթվա ընթացքում, գրում է Bloomberg-ն իրազեկ աղբյուրներին հղումով։
Ընդ որում, Microsoft-ի հայտը ներառում է գործընկերություն Walmart-ի հետ, որը հաստատել է իր մասնակցությունը, գրում է «Վեդոմոստին»։
«Մրցակցային առաջարկություններն արվել են, ինչը վկայում է գործարքն ավարտին հասցնելու միտումների մասին, թեև մանրամասների մշակումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
TikTok-ում և Microsoft-ում մեկնաբանություններից հրաժարվել են։
Ավելի վաղ Microsoft-ը հաստատել էր, որ բանակցում է չինական ByteDance ընկերության հետ՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում TikTok հավելվածի տնօրինության իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։
Օգոստոսի 1-ին New York Times-ն իր աղբյուրին հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։
Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok-ը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել էր հավելվածին Չինաստանի իշխանություններին օգտատերերի անձնական տվյալներ տրամադրելու համար։