2 սեպտեմբերի 2020 - 15:24 AMT
Վլադիմիր Գասպարյանի դեմ նոր քրգործ կա

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրգործով բացահայտվել են չարաշահումներ. հարուցվել է նոր քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։

2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 8-ին Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Պարզվել է, որ, ըստ 2017թ. հաստատված հատակագծի, ռեպորտաժի նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, կա 14 միավոր շինություն, մինչդեռ ՝ հատակագծում լճի մոտակայքում գտնվող 2 շինություն նշված չէ:

Նշվում է նաև, որ դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասով (պատժվում են ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով):

Դեկտեմբերի 20-ին հողամասի սեփականատերը դիմում է ներկայացրել վերոնշյալ հասցեի անշարժ գույքի իրավունքի պետգրանցման համար, սակայն վարույթը կասեցվել է փաստաթղթերում անհամապատասխանության պատճառով։ Մի շարք շինություններ եղել են 1905 մ նիշից ցածր գոտում, մինչդեռ «Սևան ազգային պարկի» տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի կողմից համապատասխանաբար 26.12.2017թ. և 19.01.2018թ. տրվել են տեղեկանքներ, որ այդ հասցեի հիմնական շինությունները 1905.0 մետր բացարձակ նիշերից վեր են։ Դրա հիման վրա՝ 2018թ. հունվարի 19-ին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետգրանցում:

Միաժամանակ պարզվել է, որ Դրախտիկ գյուղի վերոնշյալ տարածքում առկա պարիսպները չեն համապատասխանում կառավարության 2008թ. որոշման պահանջներին, որով արգելվում է լողափում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրումը:

Նկատի ունենալով, որ նշված քրգործով ձեռք են բերվել ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով) և 315-ի 2 հոդվածով (պատժվում է տուգանքով կամ կամ 1-2 տարի ազատազրկմամբ) նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ՝ պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրգործ:

Կատարվում է նախաքննություն: