Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավման փորձերը՝ դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հատվածներ է հրապարակել Տոնոյանի ելույթից։
ՊՆ ղեկավարն ասել է նաև, որ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ու Հայաստանի և ՌԴ միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք նպաստում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը:
Նա շեշտել է, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ՝ տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, ՀՀ գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է:
«Ժամանակակից պայմաններում տարածաշրջանային անվտանգությունն անհնար է ապահովել «ինքնավար կերպով»՝ գլոբալ անվտանգության համակարգի շրջանակից դուրս։
Տարածաշրջանային ցանկացած խնդիրների սրումը ամենաուղղակի կերպով ազդում է ընդհանուր միջազգային անվտանգության վրա։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմաքաղաքական հարցերին, այլև պանդեմիային, որը, ինչպես ցույց տվեց երկրների մեծամասնության փորձը, վերաճեց անվտանգության համընդհանուր խնդրի»,-ասել է նախարարը։
Տոնոյանը նշել է նաև, որ Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրականը: Ելնելով դրանից՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր այս տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ է, բացատրելով դա նրանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են։