Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մտահոգություն է հայտնել, որ թեև օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանում ալկոհոլից թունավորվել է 46, մահացել՝ 17 մարդ, իրավապահներից բացի, պատասխանուտու մարմիններից արձագանք չի եղել։
«Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչու՞ առարկայական առումով «ձեն-ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից օրինակ, համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն», - գրել է նա Facebook-ում` նշելով՝ չկա պատասխան՝ ինչ պետք է անել իրավիճակի կրկնություն թույլ չտալու համար։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: