Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին՝ համարելով, որ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Ըստ նրա՝ նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է։
«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը։ Մեր հետագա քայլերին կանդրադառնանք՝ ըստ զարգացումների»,- գրել է նա։
Գրառման մեջ նշվում է նաև, որ «դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականություն ու թողտվություն», իսկ «նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ»։
Կառավարության որոշմամբ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց և զոհվածների իրավահաջորդներին օրենքով միանվագ դրամական օգնություն է տրամադրվել: Զոհվածների իրավահաջորդներին տրամադրվել է 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձանց՝ 15 մլն դրամ։
2008-ի փետրվարի վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրեց նրանց: Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: