10 սեպտեմբերի 2020 - 16:21 AMT
Վրաստանում փորձում են չեղարկել Ադրբեջանին մեծածախ ինտերնետի բաժնետոմսերի մի մասի վաճառքը

Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը (GNCC) փորձում է խանգարել Caucasus Online օպտիկական մալուխի օպերատորի բաժնետոմսերի 49%-ի տնօրինմանն ադրբեջանական ընկերության կողմից։ Այս մասին գրում է Jamestown հարթակը։

Caucasus Online ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղին է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Այս մալուխից օգտվում է նաև Հայաստանը։

Գործարքի մասին հայտնել էին վրացական ԶԼՄ-ները՝ նշելով, որ օպտիկական մալուխի օպերատորի բաժնետոմսերի մի մասը թաքուն վաճառել են Ադրբեջանին։

Մասնավորապես՝ 2019-ին Caucasus Online-ի սեփականատերը համաձայնել էր բաժնետոմսերի 49%-ը վաճառել նավթային խոշորագույն հոլդինգ NEQSOL-ին, որի սեփականատերն Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովն է։ Տարիներով Վրաստանի քաղաքական ղեկավարությունը խանգարել է այս գործարքին, այս անգամ վրացական ընկերությունը չի տեղեկացրել ազգային հանձնաժողովին, թեև օրենքով 5% և ավելի բաժնետոմսերի վաճատքի դեպքում պարտավոր էր տեղյակ պահել։ GNCC-ն կարծում է, որ գործարքն այդ պատճառով անօրինական է և պետք է չեղյալ համարել։

GNCC-ն պահանջել է բաժնետոմսերի փաթեթը վերադարձնել նախկին սեփականատիրոջը և 6 անգամ տուգանել է ընկերությանը՝ մոտ $300,000-ով։

Նշվում է, որ իշխանությունները չեն բացատրում՝ ինչու են դեմ բաժնետոմսերի վաճառքին։ Ընկերության նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն կարծում է, որ եթե ադրբեջանական խոշոր ընկերությունը վերահսկի մալուխը, կփորձի Բաքուն դարձնել հեռուստահաղորդակցության կենտրոն։ Այդ դեպքում Վրաստանը կկորցնի իր մարտավարական դիրքը տարածաշրջանի հեռուստահաղորդակցության ոլորտում։

Վրաստանի խորհրդարանը 2019-ի հուլիսին օրենք է ընդունել, որով ազգային հանձնաժողովն իրավունք է ստանում հատուկ կառավարիչներ նշանակել հաղորդակցային ընկերություններում։ Ըստ աղբյուրի՝ լայն տարածում ունի վարկածը, որ օրենքի փոփոխությունը նպատակ ունի արգելափակել վաճառքը և հետագայում վերահսկել գործարքները։ Բաքուն և Թբիլիսին մինչև հիմա լռում են NEQSOL-ի և Caucasus Online-ի գործարքի մասին։