22 սեպտեմբերի 2020 - 13:44 AMT
ԼՀԿ-ն տեղյակ չէ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի համատեղ հանրահավաքից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չի եղել ՀՅԴ, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքից, որն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին։

«Չգիտեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաք հրավիրել: Ես բազմիցս ասել եմ, որ մենք գործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություն ենք ունենում, երբ մեր օրակարգերը համընկնում են: Կարծում եմ՝ այստեղ նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են անցկացնում»,- ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ կհետևի դրան։

Ավելի վաղ ստեղծվել էր ընդդիմադիր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբ։ Ուժերը հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրել են համապետական հանրահավաք: