23 սեպտեմբերի 2020 - 19:28 AMT
Ծառուկյանի ոսկու հանքի շահագործման խախտումների գործը դատախազությունում է

Ըստ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» 2011-ից Մղարթի ոսկու հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Հանքարդյունաբերական համալիրը շահագործվել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Այս առթիվ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարար Սուրեն Պապիկյանին։

Ուղարկված գրությամբ նախարարն առաջարկել է գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշվածը և դրանց տալ համապատասխան ընթացք։