Արցախի Շուշիի քույր քաղաք ճանաչված Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն քաղաքապետարանի բակում ծածանվող Արցախի դրոշի պատճառով սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից:
Օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի մտել է քաղաքապետարան, ներկայացել որպես զբոսաշրջիկ, պահանջել Արցախի դրոշն իջեցնել, ապա սպառնալիքներ հնչեցնել:
«Սա Ադրբեջանը չէ, և ձեր որոշելունը չեն այստեղի օրենքներն ու կարգերը»,- հիշեցրել է նա։
Մուրիեն ասել է, որ սպառնալիքներ է ստանում ոչ միայն բռնապետական Ադրբեջանից, այլև Բաքվի դաշնակից Թուրքիայից:
«Ոչ ոք չի կարող որոշել, թե ում հետ շփվենք: Ադրբեջանը, Ալիևը և նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ մենք ենք ընտրում մեր սեփական ընկերներին», - գրել է նա Facebook-ում։
2014-ին Արցախի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Քաղաքապետը հռչակագրից հետո ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։