Սեպտեմբերի 27-ի առավոտից Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, սակայն հայտնի է 30-ից ավելի վիրավորի մասին, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա հաղորդմամբ` նյութական վնասները ևս բազմաթիվ ու բազմաբնույթ են:
Բեգլարյանի խոսքով՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ի երեկոյի դրությամբ հրետակոծություն չկա, որոշ բնակավայրերում այն շարունակվում է։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակչությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Արցախի բնակչության մոտ ընդանուր առմամբ տրամադրությունը մարտական է։ Ըստ կարիքի՝ պատսպարվում ենք, բնականաբար։ Այն բնակավայրերը, որոնք անմիջական թիրախի ու վտանգի տակ են եղել, պետությունն այդ բնակավայրերից տարհանում է կազմակերպել։ Իհարկե, առաջնագծին մոտ որոշ բնակավայրերից մասնակի տարհանում ու ինքնահոսի տարհանում է եղել»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը՝ հորդորելով միջազգային հանրությանը տեղում ծանոթանալ իրավիճակին, գնահատել մարդասիրական կարիքներն ու աջակցություն ցուցաբերել։
Արտակ Բեգլարյանը նշել է նաև, որ հարվածի տակ է եղել 50 բնակավայր, այդ թվում՝ Արցախի բոլոր քաղաքները:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։