Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ սահմանի և Արցախի շփման գծի երկայնքով։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Երևանը պահանջում է Բաքվին պարտադրել ձեռնպահ մնալ հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ 30-ից ավելի վիրավոր և 2 զոհված քաղաքացիական կա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։
Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։