29 սեպտեմբերի 2020 - 11:46 AMT
ՊՆ․ ԱՀ-ում պատերազմում պահեստազորայիններ ներգրավված չեն, հրատապ խնդիր չկա

Արցախ մեկնած պահեստազորայինները ներգրավված չեն պատերազմում, նրանց ներգրավվածությունն ունի հատուկ կանոնակարգված բնույթ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այնպես չէ, որ պահեստազորայինները գնում են ու միանգամից մարտի նետվում։ Նման բան չկա։ Մեր ԶՈւ-ն նման հրատապ խնդիր չունի, իր առջև դրված խնդիրը կատարում է, և պահեստազորայինների ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի խնդիրներով»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Նա նշել է նաև, որ հայկական բանակի կորուստներն անհամեմատելի են ադրբեջանական ԶՈւ-ի կորուստների հետ։ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով մարտերը շարունակվում են, ՀՀ սահմանային Վարդենիսում մարտեր չկան, սակայն հարվածից հետո գործողություններ եղել են և կլինեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքն արգելված է։