3 հոկտեմբերի 2020 - 19:13 AMT
«Հովազ-1» դիրքի ավագը՝ մոլորեցնելով, շրջապատել է թշնամուն․ Սպանվել է հակառակորդի 9 զինվոր

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշել է մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

«Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցրել հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպել է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվել»,- գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։