Արցախի առաջնագծում կռվող զինվորների արիության և հերոսության պատմություններից մի քանիսը ներկայացվել են։
Սեպտեմբերի 27-ին պաշտպանության բանակի N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Ալեքսանյանը զորամասի մշտական տեղակայման վայրի (ՄՏՎ) մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Ալեքսանյանը հայկական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:
Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը հետևակի մարտական մեքենայով (ՀՄՄ-ով) մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակությամբ կենդանի ուժ: Հակառակորդը խոցել է իր մարտական մեքենան, Առուշանյանը վիրավորվել է, սակայն խուճապի չի մատնվել, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Առուշանյանի շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
Նույն օրը հակատանկային դասակի «Ֆագոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) և, խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել վերջինիս առաջխաղացման կասեցմանը:
Միաժամանակ մեկ այլ վայրում ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա` խոչնդոտելով վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
Կրկին ամսի 2-ին ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Ասատրյանը, հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընթերցեք նաև․ «Հովազ-1» դիրքի ավագը՝ մոլորեցնելով, շրջապատել է թշնամուն․ Սպանվել է հակառակորդի 9 զինվոր