4 հոկտեմբերի 2020 - 22:50 AMT
Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք

Ադրբեջանական կողմն Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակում է միջազգային նորմերով արգելված կասետային զինամթերքով։ Այս մասին նախորդ օրերին հայտարարել և ապացույցներ են ներկայացրել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հոկտեմբերի 4-ին Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով արգելված զինամթերքի կիրառման հարցը։

«Արցախում հումանիտար ճգնաժամ է։ Միջազգային հանրությանն ուղղված իմ կոչն է՝ արձագանքել պաշտճած կերպով, դադարել խոսել ու սկսկել գործել։ Կույր մի եղեք»,- կոչում նշել է Արտակ Բեգլարյանը։

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմից արգելված զինամթերքի կիրառման մասին փաստող տեսանյութ է հրապարակվել։

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Բեգլարյանը հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։

«Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումներն արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասել էր Բեգլարյանը:

Հոկտեմբերի 2-ին Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր լուսանկար՝ օրենքով կիրառված զինամթերքից։

Հոկտեմբերի 3-ին հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել էր Արցախի քաղբնակչության հանդեպ միջազգայնորեն արգելված կասետային արկեր կիրառելու մասին՝ կցելով լուսանկարներ։

Ըստ Հովհաննիսյանի՝ արկերը կիրառվել են իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Աշխարհում այս զինամթերքի հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է։ Այն հատկապես վնասում է քաղաքացիական բնակչությանը։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։